Հայկական կողմը պաշտպանական ստրատեգիա չունի այլևս. Բաքվին ճշգրիտ հասկացրին

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել և նշել, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նաև հարձակման դիմել, որ երկիրը հարձակողական զենքեր է ձեռք բերում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և սա իր մեջ ի՞նչ ուղերձ է պարունակում։

 

Ընդհանուր առմամբ՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը 2014-2015 թվականներից, անկախ իշխանությունների տարբերությունից, բերել է ռազմական դոկտրինի լրջագույն վերանայումների, էլ չեմ խոսում ապրիլյան պատերազմի մասին։ Առաջին բանը, որ մենք պետք է արձանագրենք այս գծի մեջ, այն է, որ 2015 թվականի հունվարին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դոկտրինում փոփոխություն է կատարվել, և տեղական մակարդակով նախաձեռնությունների իրավունք են տալիս հրամանատարություններին։ Մի բան, որը նախկինում չկար։ 2016 թվականն էլ ավելի փոխեց վիճակը, քանի որ, ըստ էության, հակառակորդի հարձակողական պլանները ոչ միայն չեն փոխվել, այլև ռեալ միս ու արյուն են ստացել՝ ի դեմս 2016-ի ապրիլյան ագրեսիայի։ Այդ ագրեսիան, եթե նույնիսկ շատ ուրախացնող չէր Ադրբեջանի համար, հաստատ ուրախացնող չէր նաև Հայաստանի համար։ Եթե ռազմական կոնցեպցիաների մեջ մտնենք, ակնհայտ է, որ 2016 թվականից Հայաստանը շարժվում է ռազմավարական պաշտպանության կոնցեպտով, որը, այո, պաշտպանություն հակահարձակման համակցության դրսևորում է։

Դավիթ Տոնոյանի ասածը, ըստ էության, նորություն չէ՞ր։

 

Ես կարծում եմ, որ դա կողքից նկատելի է եղել, թե Հայաստանն ինչ դասեր է քաղել 2014-ից սկսած էսկալացիաներից հետո, բայց նորություն է, որ նախարարի մակարդակով ձևակերպվում է խնդիրը։ Ինքը բառը չի օգտագործում, բայց դա կոչվում է ռազմավարական պաշտպանություն, որը նաև հակահարձակման շատ լուրջ նախապատրաստություն է ենթադրում։ Այս առումով, ռազմական ավիացիայի ստեղծմանն ուղղված քայլերը, մասնավորապես, Ռուսաստանից ՍՈՒ-եր ձեռք բերելուն ուղղված քայլերը նշանակում են, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականության մեջ լուրջ վերանայումներ են եղել, և ավելացել է հարձակողական բաղադրիչը։ Ընդ որում՝ ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարը բավական ճիշտ միջավայրում է այդ հայտարարությունն արել, որովհետև մի կողմից մենք աշնանից ունենք ինչ-որ բանակցային պրոցես, մենք ունենք անցած տարվա վերջում Ադրբեջանի կողմից կասկածելի լավատեսություն այդ պրոցեսի կապակցությամբ, բայց նաև մենք տեսանք, որ դավոսյան հանդիպումից հետո Մյունխենում ոչ երկրների ղեկավարների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում տեղի չունեցավ։ Դա ուղեկցվեց  Ադրբեջանում բանակցային փոխզիջումային լուծումներին հակասող հայտարարություններ անելով՝ նախագահի մակարդակից մինչև ավելի ցածր մակարդակներ։

Հայկական կողմը կարծեք թե ստիպված է ադրբեջանական կողմին հասկացնել, որ ռազմական լուծման դեպքում հայկական կողմի հետ կապված հաշվարկները կարող են սխալական լինել, դա պաշտպանական չի լինելու, և ստիպել նրանց վերադառնալ բանակցային գործընթաց, քանի որ  նրանք ուզում էին կարճաժամկետ, այսպես ասած էյֆորիկ լավատեսության մթնոլորտ ձևավորել, հետո ցույց տալ, թե իբր հիասթափված են, հետո մատնանշել հայկական կողմին, որ հայկական կողմը շահագրգռված չէ և անցում կատարել ռազմական լուծմանը՝ դրանով իսկ լեգիտիմացնելով այն։ Հայկական կողմը, կարծում եմ, ճշգրիտ պահվածք է դրսևորում։ Տեսնելով ադրբեջանական կողմի այս անթաքույց պլանը՝ չի փակում բանակցությունների պատուհանը, թույլ չի տալիս լեգիտիմացնել ռազմական լուծումը և մյուս կողմից հասկացնում է, որ հայկական կողմը պաշտպանական ստրատեգիա չունի այլևս, և դրա նշանները տեսանելի են և Իսկանդերների ձեռքբերման, և ռազմական ավիացիայի ստեղծման փաստով և այլ սպառազինություններով, որոնք մուտք են գործում հայկական ԶՈՒ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրը ` lragir.am

21 просмотров всего, 0 просмотров сегодня

Be the first to comment on "Հայկական կողմը պաշտպանական ստրատեգիա չունի այլևս. Բաքվին ճշգրիտ հասկացրին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ