«Խելքի եկեք… Ամոթ է անգամ նման կործանիչ նախագիծ գրելը»

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական… Ախր 30 տարի քանդեցին մեր մշակույթն ու փոխանակ սկսենք փշրանքներից կրկին հավաքել այն, հիմնվելով որոշ փրկված ու սեփական ուժերով մի կերպ գոյատևած բյուրեղների վրա, ոչ միայն շարունակվում է քանդվելու գործընթացը, այլ նույնիսկ այն անցնում է արդեն ոչնչացման գործընթացի: Թատրոններ, թանգարաններ, երաժշտական կոլեկտիվներ, որոնք ունեն տասնամյակների պատմություն կանգնած են կործանման եզրին: Ասենք երաժտական կոլեկտիվների մի մասը միացան Հայաստանի պետական ֆիլհարմոնիային, մյուսն էլ Կամերային երաժշտության կենտրոնին, ի՞նչ է դա տալու… Ոչինչ…

Քանի որ նրանք միևնույն է գտնվելու են ողորմելի վիճակում, դռնեդուռ ընկած փնտրելու են ինչ-որ հովանավորներ, որպեսզի գոյատևեն: Կասեք թող անցնեն ինքնաֆինանսավորմա՞ն… Այսինքն պետությունն իր ուսերից ուզում է գցել մշակույթը… Չեմ կարծում, որ մեր վարչապետն այդպես է մտածում, քանի որ բազմիցս նա անդրադարձել է երկրի մշակութային քաղաքականության կարևորությանը: Մշակույթը հավասարազոր է երկրի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ու յուրաքանչյուր անհատ, երաժշտական կոլեկտիվ, թատերախումբ, կինոգործիչ, նկարիչ, քանդակագործ պատասխան են տալիս ապագա սերունդների մակարդակի, այսինքն երկրի անվտանգության համար:

Լավ, ասենք՝ ՊՈԱԿ-ներն ուզում եք միավորել, ուրեմն բարեհաճեք վերականգնել մի այնպիսի հզոր հիմնարկ, ինչպիսին ժամանակին ՀԱՅՀԱՄԵՐԳՆ էր, ուր հավաքված էին երկրի բոլոր պետական երաժշտական կոլեկտիվները և լավագույն մենակատարները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այն երբեք չի ղեկավարել, այլ կազմակերպել է երկրի մշակույթը, մեր կոլեկտիվների ու անհատների հյուրախաղերն ամբողջ աշխարհով մեկ և աշխարհի տարբեր անկյուններից անվանի դեմքերի հյուրախաղերը Հայաստանում: Հայհամերգը ուներ գեղարվեստական խորհուրդ, որը մի շրջան ղեկավարում էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:

Այն քննարկում էր յուրաքանչյուր համերգ, կամ միջոցառում, տալիս իր գնահատականը, ընդունում պրոֆեսիոնալ որոշումներ, քննադատում անհաջողությունները և խրախուսում հաջողությունները: Դա պրոֆեսիոնալների մի հզոր բանակ էր, որին վստահում և աջակցում էր պետությունը:

Այ եթե ստեղծվի նման պրոդյուսերական կառույց, միայն այդ դեպքում միավորումը կարող է տալ իր պտուղները: Իսկ եթե չեք կարող, ուրեմն բարեհաճեք չքանդել եղածը, թողեք՝ մարդիկ աշխատեն: ԻՆչ վերաբերում է թատրոններին, մի բան կարող եմ ասել՝ մի՞թե այդքան վարակիչ էր Մեդվեդևի այն անհեթեթ հայտարարությունը, որ Ռուսաստանում պետական թատրոնների թիվը պիտի կրճատվի, այն էլ, երբ 2019-ը Պուտինի հրամանով Ռուսաստանում հայտարարված է Թատրոնի տարի: Ուրիշ լավ բան չկա՞ր ընդօրինակելու: Ինպե՞ս կարելի է փայտիկի մեկ շարժումով ոչնչացնել մեծանուն վարպետի՝ Սոս Սարգսյանի թողած ժառանգությունը, որն այսօր ունի արժանի հետնորդներ, ի դեմս նրա աշակերտների և կրտսեր գործնկերներների: Կամ նույն կամերային թատրոնը, որը միշտ ունեցել է իր հանդիսատեսը, երաժշտական կամերային թատրոնը, որն անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ աշխատել է ու բեմադրել հետաքրքիր ներկայացումներ…

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը չգիտես՝ ինչու որոշվում է միացնել Չարեցի թանգարանին…. Ասում եք, որ սա որոշում չէ, սա ընդամենը նախագիծ է եղել, քննարկման փաստաթուղթ, որը չգիտես՝ ինչպես դուրս է եկել նախարարության պատերից… Ուրեմն նախարարությունում տիրում է նույն իրավիճակը, որն եղել է տասնամյակներ շարունակ ու ոչինչ չի վերահսկվում: Չնայած այս հանգամանքում լավ է, որ արտահոսք եղավ, թե չէ սուս ու փուս մշակույթի հարցերը կլուծվեր:

Խելքի եկեք… Ամոթ է անգամ նման կործանիչ նախագիծ գրելը: Սրա համար չէ, որ պայքարեցինք կողք կողքի ու հաղթեցինք, սա արված է նոր Հայաստանի դեմ: Այսքանից հետո ավելի լավ է չունենանք Մշակույթի նախարարություն, քան ունենանք նմանը: Հուսամ այս հարցը, եթե նույնիսկ ներկայացվի էլ Կառավարություն, այն չի ընդունվի: Եկեք պահպանենք և վերածնենք մեր մշակույթը»:

https://blog.168.am/blog/203541.html?fbclid=IwAR3AqZn3BCt0VWN5QL5AjKNbcx0RqszkJG56CAP5Ez5hI6K8jnLA2SJhXCg

26 просмотров всего, 0 просмотров сегодня

Be the first to comment on "«Խելքի եկեք… Ամոթ է անգամ նման կործանիչ նախագիծ գրելը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ