ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու օրակարգը չհաստատվեց. առայժմ հայտնի չէ, երբ կլինի հաջորդ նիստը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում 1 հարց էր՝ ռեկտորի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնել: Հոգաբարձուների խորհրդի անդամներից Արթուր Վաղարշյանը, հղում անելով ոլորտը կարգավորող օրենքների միջեւ առկա հակասություններին, փորձեց հիմնավորել, որ չկան ռեկտորի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու իրավական հիմքերը: Այդ դիտարկումները, սակայն, այդքան համոզիչ չէին խորհրդի անդամների համար ու կարծիք հնչեց նաեւ, որ կարելի է ի վերջո բողոքարկել որոշումը, եթե դա լինի եւ ռեկտորը համաձայն չլինի դրա հետ:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդում ԲՈՒՀ-ի կողմից ներկայացված որոշ անդամներ կարծիք էին հայտնում, որ ռեկտորին անվստահություն հայտնելուց առաջ պետք է խորքային քննարկումներ անել, վերլուծություններ անել եւ փաստարկված ձեւով հիմնավորել, որ կան նրան անվստահություն հայտնելու հիմնավոր պատճառները:

Ռեկտորին անվստահություն հայտնելու օրակարգը չհաստատվեց եւ նիստը չեղյալ համարվեց: Թե երբ կլինի հաջորդ նիստը, առայժմ հայտնի չէ:

Նիստից հետո ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց լրագրողների հետ, հայտարարեց, որ ինքն ինքնակամ հրաժարական չի տալու: Առաջարկեց նաեւ չհավատալ այն պնդումներին, թե համալսարանը ճահիճ է: Ասաց, որ ԲՈՒՀ-ը այսպիսի ֆինանսական կայունություն երբեք չի ունեցել, միջազգային այդքան մեծ թվով գործընկերներ չի ունեցել եւ այլն: Սիմոնյանը նշեց, որ ճիշտ չեն նաեւ այն պնդումները, որ ԲՈՒՀ-ի կրթությունը ցածր որակի է:

Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ իրեն առնչվող այդ քրեական գործերով իր մեղքը չի կարող ապացուցվել: Ինչպես բազմիցս է նշել, այժմ էլ Սիմոնյանը շարունակեց պնդել, որ սա քաղաքական հետապնդում է: Լրագրողների այն հակադարձումներին, թե շատ այլ ՀՀԿ-ականներ աշխատում են տարբեր կառույցներում՝ այդ թվում ԿԳՆ-ում, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ ինքն ուրիշների հետ կապված ոչինչ չի կարող ասել, միայն իր մասով կարող է ասել: Այդուհանդերձ ռեկտորը ընդունեց, որ Հոգաբարձուների խորհրդի նիստը անցավ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:

https://armtimes.com/hy/article/155669?fbclid=IwAR2mmpvduIHZZ_bZs8Yzzao5jsRAgnRjnoS7X366drgFOQWFtOwnHVrVN_8

113 просмотров всего, 0 просмотров сегодня

Be the first to comment on "ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու օրակարգը չհաստատվեց. առայժմ հայտնի չէ, երբ կլինի հաջորդ նիստը"

Leave a comment

Your email address will not be published.


*